«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։ Նրա հետ փորձեցինք մեր օրերը հասկանալ Ավարայրի և 88-ի խորհրդով։
«ՄԵՆՔ ՈՒԽՏ ՈՒՆԵՆՔ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ ՈՒ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՃԱՄՓՈՎ»
-88-ի զարթոնքից երկու-երեք տարի անց հայ հանրությունն իր ձգտումներում և ցանկություններում շրջվեց գլխիվայր։ Դժվար էր պատկերացնել, որ տարիներ անց աշխարհիկը հոգևորի, սոցիումն էլ ոգու հանդեպ նման ջախջախիչ հաղթանակ կտոներ։ Այնինչ աշխարհն էր ափիբերան, հայկական զարթոնքի օրերին անգամ հանցագործ աշխարհն էր անցել «գործադուլի», միացել շարժմանը։ Սակայն մինչ դա կցանկանայի դատենք-բաղդատենք Ավարայրի խորհուրդը, մեր գերագույն ճակատամարտը, որն այսօր անզուսպ ասպատակությունների և շահարկումների թեմա է։ Վասակյաններ կան Հայաստանում, գուցե «Վասակի խորհրդի» շուրջ ուխտագնացության էլ «արժանանանք։ Մի խոսքով՝ Ավարայր։ Ի՞նչ էր այն։
-Երևի թե յուրաքանչյուր սերունդ ընկալում է իրավիճակն իր տվյալ պահի արժեհամակարգից ելնելով։ Ավարայրը բազմաշերտ երևույթ էր։ Ցավոք, նրա խորհուրդը չի ընկալվում, դատում են նրա նշանակության մասին զուտ ռազմական տեսանկյունից, քննարկում են Վարդան-Վասակ դիմակայությունը և այլն։ Այս ամենը մեր ներկա վիճակի խայտառակ արտացոլումն է։ Ավարայրն այդ ամենից և՛ շատ ավելի վեր է, և՛ շատ ավելի խոր։
-Ավարայրի խորհրդից փորձենք քայլել դեպ 1988-ի զարթոնքը։
-Ավարայրը 5-րդ դարի սերնդի պատասխանն էր հետևյալ հիմնարար հարցերին՝ ո՞վ է մարդը, ո՞րն է հայ մարդու և Հայաստան երկրի առաքելությունը երկրի վրա։ Ամեն ժողովուրդ ուրույն ճանապարհ է անցնում, ունի իր յուրօրինակ առաքելությունը, ինչպես յուրաքանչյուր մարդ։ Եվ հաճախ մարդիկ պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի և հենց իրենց գոյության խորհրդի թողնում են Աստծուն, փորձում գտնել հարցերի հարցի պատասխանը՝ ո՞վ է մարդը, ինչո՞ւ է աշխարհ գալիս, ո՞րն է նրա գոյության իմաստը։
-Չե՞նք շեղվում բուն խնդրից։
-Ամենևին, դեպի բուն խնդիրն ենք գնում։ Այսպիսով մարդ-արարածը հատուկ երևույթ է աշխարհում։ Եվ հայ մարդն Ավարայրում տվեց հարցի պատասխանը, իմաստավորեց իր կյանքը։ Առհասարակ յուրաքանչյուր ժողովուրդ փնտրում է իր առաքելությունն այս աշխարհում։ Սակայն եթե որևէ ժողովուրդ, անտեսելով սեփական առաքելությունը, փորձի կապկել մեկ այլ ժողովրդի, վստահաբար կձախողվի։ Ցավոք, ներկա աշխարհը հեռու է նման հիմնարար հարցադրումներից, շարունակ դատարկ հարցեր է տալիս և շարունակ ստանում է դատարկ պատասխաններ։ Այսօր մարդը հիմնականում մեկ նպատակ է հետապնդում՝ որքան հնարավոր է վայելել և սպառել։ Բայց չէ՞ որ Արարիչը յուրաքանչյուր բանական արարածի օժտել է ստեղծագործական մղումներով, մտքով և այլ շնորհներով, որոնք հաճախ ծառայում են նվաստ նպատակների իրագործմանը։ Եվ մարդը վերածվում է ավերիչի։ Այսօր մարդկությունը հիմնականում ավերիչ է։ Իսկ Ավարայրը մարդկության հավերժ հուշումներից մեկն է և պատգամում է, որ մարդն արարման խորհուրդն է կրում։ Թումանյանը չէ՞, որ ձևակերպել է Ավարայրի և ավարայրցիների գոյապայքարը. «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփան»։ Միանգամից հարց է ծագում՝ ո՞րն է այդ ուխտը և ո՞ւր է մեզ առաջնորդում։ Սպառումին տուրք տվողները պիտի գիտակցեն, որ այլ, ավելի բարձր աշխարհներ կան, ահա Ավարայրը, Թումանյանը, որ գրում է մեր ուխտի մասին, Կոստան Զարյանը Արարատյան մարդու մասին է խոսում, զարմանալի մի երևույթի մասին, որը մշտապես դեպի լույսն է ընթանում։ Իր հերթին Հրանտ Մաթևոսյանն է ուշագրավ ձևակերպում՝ մենք նրանք ենք, ովքեր միշտ դիմադրում են, ո՞ւմ են դիմադրում և ինչո՞ւ են դիմադրում... Հարցերն անհամար են։
«ՊԱՐՍԿԱՍՏԱՆԸ ԿԱՄԵՆՈՒՄ ԷՐ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ, ՈՐՆ ՈՒԽՏ ՈՒՆԵՐ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ»
-Ավարայրում ո՞րն էր Պարսկաստանի գերնպատակը. ստեղծել մեծ արիական գոտին մեզ ուղղակի կլանելո՞վ, թե՞ այլ խորհուրդ կար «նրանց Ավարայրում»։
-Չեմ կամենում խորանալ աշխարհաքաղաքական ծալքերի մեջ։ Մարդն այն ժամանակ դեռևս վերը նշված հիմնարար հարցերի տիրույթում էր գտնվում, և Պարսկաստանը կամենում էր խիստ մերձենալ մի ժողովրդի, որն ուխտ ուներ միշտ դեպի լույսը։ Այս կենսամոդելի մեջ մենք, անշուշտ, մեր հիմնական որակը կկորցնեինք, մեր ինքնությունը, բայց ձեռք կբերեինք հզոր դաշնակից, փարթամ արոտավայրեր և բազմագլուխ երամակներ, այսինքն, ներկա աշխարհի տրամաբանության մեջ կտեղակայվեինք։ Սակայն ընտրեցինք մեր ազգային տեսակի և որակի պահպանումը, քանզի այն հատուկ առաքելություն ունի այս աշխարհում։ Եվ, խնդրեմ, մարդկության որևէ հատված, որ դարեր շարունակ արդարության և ճշմարտության որակների պահպանության կռիվ է մղել, նրա զորքի կենտրոնում կանգնած էր հայոց զորաջոկատը և հաճախ շատ ավելի նվիրական կռիվ էր մղում, քան պատերազմող երկրի բանակը։
-1988-90 թթ. Արցախյան շարժում, զարթոնք և դեպի լույսն ընթացող հայ ուխտի իրագործում։ Շարժման առաջնորդը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, պետականության կերտման ղեկն ստանձնելով, ըստ էության, շրջվեց գլխիվայր՝ դավելով իր սկզբունքներին։
-Պարսից զորքի մուտքը Հայաստան ինչ-ինչ նպատակներով՝ ընդամենը սյուժե է, եթե կուզեք՝ դեկոր։ Տասնհինգ դար անց հրապարակում Արցախի հարցն էր, այն է՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Այսինքն, մեր ժողովրդի առաջ մեծ խնդիր էր՝ միաբանվել, վերացնել դարերով գոյություն ունեցող հայրենիքի մասնատվածությունը։ Սա ևս սյուժե էր, սակայն կար նաև խնդրի էությունը։ Եթե ես Ձեզ պատմեմ «Համլետի» սյուժեն, անհետաքրքիր մի բան կլինի, զի խորքերում է այդ ողբերգության մեծությունը։ Հիմա Արցախի ազատագրման սյուժեում ժողովուրդը գտավ իր ինքնության վերահաստատման հնարավորությունը։ Հայերը 2-րդ համաշխարհային պատերազմում առաջապահ էին ամենուր, Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի խումբն էր, մի այլ երկրում՝ մեկ ուրիշ հայի։
-ԱՄՆ-ի լավագույն զինվորը 1944-ին Դերվիշյանն էր։
-Այո, քանզի հայը ամենուր պայքարում էր հանուն լույսի։ Գարեգին Նժդեհը հակառակորդի նկատմամբ դաժան վարքագիծը համարում էր անթույլատրելի, քանզի մտածում էր, որ թշնամին էլ իր ճշմարտությունն ունի։
-«Ղարաբաղ» կոմիտեն հանուն լույսի ձևավորվեց և պայքարի անցավ։ Սակայն պետականության կերտման արդեն առաջին ամիսներին պարզվեց, որ ոչ բոլորն են իրենց մեջ լույս կրում՝ պետական բարձր պաշտոն ստանձնելով։ Մասնավորապես, խորհրդային ազատագրվող հանրապետությունների ազգային շարժումների առաջնորդների թվում շահեկանորեն առանձնանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պետականաստեղծման ընթացքում նա ակնհայտորեն տեղի տվեց։
-Ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեն, այլև ողջ հայությունն էր 88-ին լույսի կրող, այո, անգամ հանցագործն իր միջի հանցանքը մի կողմ դրեց և դարձավ հայ մարդ։ Այս լույսի որակն էր մեր մեծագույն ձեռքբերումը, մարդկանց մեջ մեծ ջերմություն կար, յուրաքանչյուրը սիրով էր տոգորված մյուսների նկատմամբ, մյուսները՝ յուրաքանչյուրի։ Երբ մարդն իր բարձրագույն ինքնության մեջ է լինում, վերածվում է աստվածային էակի և իրեն երջանիկ է զգում։ Սակայն այս բարձր որակը մենք շատ արագ կորցրինք։
-Ընթերցողին, նաև ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ։
-Մենք ուրացանք մեր հոգում ծագած լույսը, քանզի, մեր հոգուց բացի, նաև մեր ուղեղն էր գործում և իր պահանջներն էր ներկայացնում։ Եվ ուղեղը մեր, չվստահելով մեր հոգուն, ի վերջո դավաճանեց։
-Դե, ուղեղը բազմաթիվ գալարներ ունի։
-Այո, և նա ուշի ուշով որսում էր աշխարհի ազդանշանները, որոնք հաղորդում էին ժողովրդավարության, բազմակուսակցականության, ազատական տնտեսության և այլնի մասին։ Առաջ եկավ նոր մարդու կերպարը, ով շուկայական պայմաններում պիտի անպատճառ հարուստ լինի և անպայման հաջողակ։ Մտադրություն կար նման մարդկանցով հարստացնելու հասարակությունն ընդհանրապես։
-Հարստացնելը, կարծես, անկատար մնաց, հարստահարելը հաջողվեց կատարելապես։
-Որովհետև մենք, հոգևոր արժեհամակարգը մի կողմ դնելով, կտրուկ անցանք մի նոր, չափազանց գրավիչ արժեհամակարգի։ Մենք սկսեցինք ուղեղի պահանջներին հարիր իրականություն կառուցել, որն ավերեց մեր աշխարհը։
«ԸՆՁՈՒՂՏԸ ՍԻՐԱՀԱՐՎԵՑ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՆ, ԵՎ ՇՐՋԱՊԱՏՆ ԱՊՇԵՑ»
-Մեր աշխարհից բացի, առհասարակ, աշխարհն է ավերվում։ Ի՞նչ է կատարվում, երբեմն թվում է, թե Երկիր մոլորակը «թարս» է պտտվում։
-Խորհրդային տարիներին ազգային ոգու և գիտակցության բարձրագույն կրողներից մեկը Վլադիմիր Վիսոցկին էր։ Նա մի երգ ունի, կոչվում է «Как-то в жаркой Африке». ընձուղտը սիրահարվում է այծեղջյուրին, և ողջ շրջապատը մնում է ապշած, ո՞նց կարող է ընձուղտը սիրահարվել այծեղջյուրին։ Բայց ծառին թառած թութակն ասում է. «Жираф большой, ему видней»։ Եվ ողջ Աֆրիկան քանդվում է, քանզի խախտվել էր ներդաշնակությունը։ Թութակն այսօր էլ կա, դաժան մի թութակ է, ներկա աշխարհակարգի պահապան թութակն է դա։ Թութակն առերևույթ տեսանելի չէ, սակայն ամենուր է, նրա ձայնը լսելի է։ Այս ամենը նախ ուղղված է երիտասարդությանը, և հուշում է, որ քո պատմությունը, քո Ավարայրն ու 88-ի զարթոնքն անցած բաներ են, դու ազատ մարդ ես քո հոգով և մարմնով, ուրեմն արա այն, ինչ կամենում ես, ոչնչի համար պատասխանատվություն մի կրիր։ Թութակը, այսպիսով, ավեր է սփռում և ապականում է ողջ աշխարհը։
-Ինչի՞ց պիտի մեր երիտասարդությունը հատկապես խուսափի։
-Նա պիտի քաջ գիտակցի, որ երբ ասում են՝ հայ ժողովուրդ, հայկական մշակույթ և ինքնություն, նկատի ունեն Հայաստանն ու հային` սկսած վաղնջական ժամանակներից որպես մեկ ամբողջություն, որը հարատևման ընթացքի մեջ է։ Իրենք այդ շղթայի օղակներից մեկն են։ Եվ չի կարելի օղակը շղթայից զատել։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ